Տիտո Ռամալյո. 0:3 հաշիվն արդարացի չէ
«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրում «Ալաշկերտին» պարտվելուց հետո խոսել է խաղի մասին:
«Ցավալի պարտություն էր: Կարծում եմ, որ արդյունքն այդքան էլ արդարացի չէր և 0-3 հաշիվը չի արտահայտում այն, ինչ տեղի էր ունենում խաղադաշտում:
Այսպես թե այնպես ընդունում ենք արդյունքը: Մրցակիցը հարյուր տոկոսանոց արդյունավետություն ունեցավ առաջին խաղակեսի գոլային պահերի իրացման առումով: Մենք էլ գոլային հնարավորություններ ունեինք, սակայն չստացվեց: Երկրորդ կեսում թիմը կարծես համակերպվել էր հաշվին, սակայն առաջին կեսում գրանցված 0-2 հաշիվը չէր համապատասխանում խաղին»:
Խոսելով ընդմիջմանը Ստեփան Ղազարյանին փոխարինելու մասին՝ Ռամալյոն հավելել է.
«Ստեփան Ղազարյանը վնասվածք ուներ: Նա սկզբից էլ վնասվածք ուներ և նորմալ պայմաններում 25 մետրից նման հարվածներից արդյունքում մենք գնդակ բաց չենք թողնում: Երկուսն էլ շատ պարզ հարվածներ էին: Բայց ի՞նչ կարող ենք անել»:
Աղբյուր` fcbanants.am