Գյումրիում ու Վանաձորում կայացան քաղաքական, մրցակցային ու ժողովրդավարական ընտրություններ. Է. Շարմազանով
Հոկտեմբերի 2-ի հանրապետության 375 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների` համայնքի ղեկավարների ու ավագանու ընտրությունները ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, հաշվի առնելով այսօրվա լրահոսը, արդեն իսկ համարում է քաղաքական, մրցակցային ու ժողովրդավարական:
Tert.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հավելեց. «Եվ որտեղ մրցակցում էին գաղափարները, թեկնածուները: Եվ ամենակարևորը, որ այս ամենը անցավ առանց որևէ զոռբայության ու խոշոր ապօրինությունների»:
ՀՀԿ մամուլի խոսնակը նկատեց, որ հետևել է օրվա ընթացքում լրահոսին ու չի հանդիպել որևէ արտառոց դեպքի կամ ահազանգի, ինչը նշանակում է, որ թե’ քանակական, և թե’ որակական առումով դեպքեր չեն եղել, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա :
«Եվ ամենակարևորը` ամեն ինչ անցնում էր հանգիստ և խաղաղ, ոստիկանությունն օպերատիվ աշխատում էր, դիտորդներին, լրագրողներին եմ ուզում շնորհակալություն հայտնել օպերատիվ աշխատանքի համար, նաև ներքաղաքական ուժերին: Եվ այս բոլորի հանրագումարը հնարավորություն տվեց թե’ Գյումրիում և թե’ Վանաձորում իրականացնել քաղաքական ընտրություններ»,-ասաց ՀՀԿ խոսնակը:
Նա նշեց, որ մոտ 400 համայնքներում ՏՒՄ ընտրությունների անցկացման դեպքում, իհարկե, կլինեն ահազանգեր և խախտումներ և ավելացրեց, որ շատ կարևոր է, որպեսզի ցանկացած խախտման վերաբերյալ հրապարակմանը հետևի պատկան մարմինների արձագանքն ու դրանց ընթացք տրվի:
«Բայց ուզում եմ նշել, որ ընտրությունները կայացել են առանց որևէ լուրջ պրոբլեմների և ինչն է ամենակարևորը` ընտրությունների արդյունքի վրա այլևս անհնար է ստվեր գցել: Այս պահին տեղի է ունենում հաշվարկ, բարով-խերով կհաշվեն, և ով հաջողության հասած լինի, կշնորհավորեն նրանց»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: