Գյումրու 34/03 ընտրատեղամասում «ԳԱԼԱ»-ի վստահված անձը կրկնակի քվեարկություն է նկատել (տեսանյութ)
Գյումրու թիվ 34/03 ընտրատեղամասում «ԳԱԼԱ» կուսակցության վստահված անձը կրկնակի քվեարկություն է նկատել, որը չի արձանագրել։
«Ես նկատել եմ, որ առավոտյան և երկու ժամ անց նույն ընտրողը կրկին եկել է քվեարկության, քվեարկել ու գնացել է»,-ասաց վստահված անձը։
Tert.am-ի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Սայաթ Մինասյանը, սակայն, հերքեց կրկնակի քվեարկության դեպքը և հորդորեց խախտումներ նկատելու դեպքում իրազեկել առաջինն իրեն։
Քիչ անց, ընտրատեղամաս մուտք գործեցին երկու անձինք, ովքեր փնտրում էին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի վստահված անձին։
Tert.am-ի հարցին, թե ինչ են բերում ընտրատեղամաս, նրանցից մեկն ասաց, որ հաց է բերել, որը Բալասանյանն է ուղարկել։ Հանձնաժողովի նախագահն էլ ասաց. «Իրավունք չունի՞ հաց բերելու իր ընկերոջը»։
Քիչ անց, նույն ընտրատեղամասում ընտրողը քվեաթերթիկը խցկել էր քվեատուփում, որը հանեց հանձնաժողովի նախագահը և հորդորեց սկանդալ չսարքել։
Հիշեցնենք,որ Գյումրիում ընտրապայքարի մեջ է 10 կուսակցություն և 1 դաշինք՝ ընդհանուր 422 թեկնածուով: Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցում են` «Ալյանս» կուսակցությունը՝ ավագանու 23 թեկնածուի ցուցակով, որը գլխավորում է Արմեն Բադալյանը, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 17 թեկնածուով ու Արթուր Համբարձումյանի գլխավորությամբ, ԲՀԿ-ն՝ 49 թեկնածուով ու Վարդևան Գրիգորյանի գլխավորությամբ, «Գյումրեցու ոգին»՝ 16 թեկնածուով՝ Արմեն Ներսիսյանի գլխավորությամբ, ԳԱԼԱ-ն՝ 24 թեկնածուով՝ Վահան Խաչատրյանի գլխավորությամբ, ՀՅԴ-ն՝ 33 թեկնածուով՝ Աշոտ Կուրղինյանի գլխավորությամբ, «Հայկական վերածնունդը»՝ 90 թեկնածուով՝ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ, ՀԱԿ-ը՝ 22 թեկնածուով Եպրաքսիա Սիմոնյանի գլխավորությամբ, «Գործարար» կուսակցությունը՝ 16 թեկնածու Գեղամ Բաղդասարյանի գլխավորությամբ, «Համախմբում» կուսակցությունը՝ 33 թեկնածուով` Հովհաննես Ասոյան գլխավորությամբ:
Ավագանու ամենաշատ` 99 թեկնածու է առաջադրել«Բալասանյան դաշինքը» կամ ՀՀԿ-ՔԴԿ դաշինքը: Ըստ նոր ընտրակարգի, կուսակցություններն ունեն 15-99 թեկնածու առաջադրելու իրավունք, դաշինքները` նվազագույնը 25: Գյումրին այս ընտրություններին ունենալու է 82 տեղամաս: