Երկու փողոց ասֆալտապատելով՝ գյումրեցու կյանքը չի բարելավվի. ՀԱԿ թեկնածու (տեսանյութ)
«Հայ ազգային կոնգրեսի» Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սյուզի Մեխակյանը Գյումրու 34/04 ընտրատեղամաս էր այցելել ընտանիքի հետ և իր քվեարկությունը կատարեց «հանուն վաղվա պայծառ ապագայի»։
Լրագրողների հետ զրույցում Սյուզի Մեխակյան ասաց, որ երկու փողոց ասֆալտապատելով Գյումրու խնդիրները չեն լուծվում։ Հարցին, թե վերջին երկու քաղաքապետերը հանուն վաղվա ապագայի չե՞ն գործել Մեխակյանն ասաց, որ եթե գործած լինեին, Գյումրիում այսքան խնդիրներ չէին լինի։
«Եթե արած լինեին, արտագաղթն այս տեմպերով չէր զարգանա, աղքատության ցուցանիշն այսքան բարձր չէր լինի, գործազրկության ցուցանիշը նույնպես։ Մի, երկու,երեք փողոց կառուցելը չի նշանակում, որ մարդկանց կյանքը բարելավվեց»,-ասաց նա։
Հարցին, թե մինչ այս պահը ինչպես է արձանագրում ընտրությունների ընթացքը, արդյո՞ք արձանագրվել են խախտումներ, Սյուզի Մեխակյանն ասաց, որ խախտումներ արձանագրվել են իշխանության կողմից։
«Խախտումներ արդեն կան արձանագրված օրինակ ՀՀԿ-ի, «Գյումրեցու ոգի» կուսակցության կողմից։ Նրանց անդամները մտնում են, հաշվարկներ են անում, ցուցակներ են դուրս բերում»,-ասաց Մեխակյանն ու հավելեց, որ այդ խախտումների վերաբերյալ հանձնաժողովների նախագահներից տվյալներ են պահանջել։