Եթե բարօրություն են ուզում, վստահ եմ՝ իմ օգտին կքվեարկեն. Գառնիի ՀՅԴ-ական թեկնածու
Գառնիի գյուղապետի դաշնակցական թեկնածու Տիգրան Կարապետյանը քվեարկությանը դեռ չի մասնակցել: Tert.am-ի հետ զրույցում Տիգրան Կարապետյանը նշեց, որ իր թեկնածությունը դրել է բարեկեցիկ և զարգացած Գառնի ունենալու համար:
«Իմ շանսերը կախված են ժողովրդից, եթե բարօրություն են ուզում, վստահ եմ` իմ օգտին կքվեարկեն»,-շեշտեց գյուղապետի թեկնածուն:
Նա նաև նշեց, որ Ազատ գետի պաշտպանության ակցիաների ժամանակ եղել է գյուղացիների կողքին և հիմա էլ կարծում է, որ պայքարն ավարտված չէ, քանի որ իշխանությունները ժամանակավոր են հետ կանգնել ինքնահոս ոռոգման համակարգի կործանարար ծրագրից:
Տիգրան Կարապետյանը նշեց, որ իր վստահված անձինք փոխանցում են, որ դեռևս լուրջ խախտումներ չեն արձանագրվել: «Թեթևակի բաներ եղել են, բայց որ ասեմ խոշոր ինչ-որ բան, չէ»,-ասաց նա:
Անդրադառնալով մրցակիցներին՝ նա նշեց, որ նրանց մասին վատ բան չի կարող ասել, քարոզարշավի ընթացքում էլ խնդիրներ չեն եղել, ազատ կարողացել է իր ասելիքը փոխանցել գառնեցիներին: Նա նաև նշեց, որ ընտրվելու պարագայում իրեն չի ընկճելու Դաշնակցության կոալիցիոն համագործակցությունը ՀՀԿ-ի հետ:
Անի Գևորգյան