Neuralink-ի՝ տղամարդու գանգում տեղադրված չիպը մասամբ կորցրել է կապն ուղեղի հետ
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի Neuralink ընկերությունն առաջին չիպավորված հիվանդին ցույց էր տվել 2024 թվականի մարտին: Հիվանդը 29-ամյա անդամալույծ Նոլանդ Արբոն է։ Չիպը տեղադրելուց 100 օր հետո ընկերությունը թողարկել է դրա համար ծրագրային թարմացում, քանի որ հիվանդի ուղեղը սկսել է մերժել իմպլանտը։ Neuralink-ը այդ մասին խոսել է իր պաշտոնական բլոգում։
Ի սկզբանե Neuralink-ը հայտարարել էր, որ թարմացումն անհրաժեշտ է չիպի աշխատանքը արագացնելու համար, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ այն պետք է լուծեր նաև չիպի՝ ուղեղի հետ որոշ էլեկտրոդների կապի կորստի խնդիրը։
Ըստ Neuralink-ի ներկայացուցիչների՝ չիպի որոշ էլեկտրոդներ կորցրել են կապը ուղեղի հետ, ինչը հանգեցրել է իմպուլսների հաշվման արագության նվազմանը։ Այս խնդիրը լուծելու համար Neuralink-ի մասնագետները թողարկել են չիպի թարմացում, որը թույլ է տվել մնացած էլեկտրոդներին լրացուցիչ բեռ վերցնել:
Մասնագետները, որոնց հետ զրուցել են ԶԼՄ-ները, ենթադրել են, որ էլեկտրոդները կարող են անջատված լինել ուղեղից՝ գանգի ներսում ուղեղի բնական շարժումների պատճառով։ Գլխի կտրուկ շարժումը կարող է հանգեցնել չիպի և ուղեղի միջև հաղորդակցության կորստի:
Իմպլանտներով փորձարկված կենդանիները նման խնդիրներ չեն ունեցել, քանի որ նրանց ուղեղն ավելի փոքր է և ունի գանգի մեջ շարժման ավելի փոքր ամպլիտուդ։ Neuralink-ի ներկայացուցիչները կարծում են, որ խնդիրը կարելի է լուծել՝ չիպը ներդնելով անմիջապես ուղեղում, ոչ թե գանգի մեջ։ Հնարավոր է, որ Իլոն Մասկի ընկերությունը հետագայում փորձարկումների ժամանակ կիրառի այս մեթոդը։