Կոնգրեսի հավանության դեպքում ԱՄՆ-ն Կիևին ավելի քան 60 մլրդ դոլար օգնություն կտրամադրի, սակայն Ուկրաինան պետք է ապագայում փոխհատուցի բոլոր ծախսերը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հրապարակել է Ուկրաինային օգնության նոր փաթեթի մասին օրինագիծը։ Այն ենթադրում է ավելի քան 60 մլրդ դոլարի հատկացում, տակտիկական բալիստիկ ATACMS հրթիռների փոխանցում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը աջակցել է նախագծին և Կոնգրեսին կոչ է արել արագ ընդունել այն: Օրինագծի քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում նախատեսված է ապրիլի 20-ին։ Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի օգնության փաթեթը բաժանվել է երեք օրինագծի՝ օգնություն Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին։ Դրանցից յուրաքանչյուրի համար քվեարկությունը տեղի կունենա առանձին, հաղորդում է Bloomberg-ը։
Օրինագծով նախատեսված 60,84 մլրդ դոլարից մոտ 23 մլրդ դոլարը պետք է ուղղվի ամերիկյան զինանոցների համալրմանը։ Եվս 13,8 միլիարդ դոլար կտրամադրվի Ուկրաինային զենք և պաշտպանական ծառայություններ գնելու համար, 11,3 միլիարդ դոլար՝ «տարածաշրջանում ԱՄՆ-ի շարունակվող ռազմական գործողություններին»:Եթե օրինագիծն ընդունվի, Ուկրաինան ապագայում պետք է փոխհատուցի բոլոր ծախսերը։
Նախագծի ընդունման օրվանից ոչ ուշ, քան 60 օր հետո ԱՄՆ նախագահը պարտավոր կլինի բանակցել Ուկրաինայի կառավարության հետ միջոցների վերադարձի շուրջ։ Նախագահը կկարողանա ներել պարտքի մինչև կեսը, սակայն դա կարելի է անել այս տարվա նոյեմբերի 15-ից ոչ շուտ։
Ինչ վերաբերում է ATACMS հրթիռներին, ապա նախագծում պարզաբանվում է, որ նախագահն իրավունք ունի հետաձգել հրթիռների ուղարկումը, եթե համարի, որ դա կվնասի ԱՄՆ ազգային անվտանգության շահերին։
«Պալատը պետք է այս շաբաթ ընդունի օգնության այս փաթեթը, և Սենատը պետք է արագ հետևի նրան: Ես անմիջապես կստորագրեմ դրանք», - ասվում է Ջո Բայդենի հայտարարության մեջ:
Ուկրաինայի նախագիծը պարտավորեցնում է նաև Պենտագոնին և Պետդեպարտամենտին փաստաթղթի ընդունումից հետո 45 օրվա ընթացքում Ուկրաինային աջակցելու ռազմավարություն մշակել։ Ռազմավարությունը պետք է մշակվի միանգամից մի քանի տարվա համար։ Անհրաժեշտ կլինի Ուկրաինայի համար կոնկրետ նպատակներ նախանշել և գնահատել, թե որքան ֆինանսական ռեսուրսներ կպահանջվեն երկրին այդ նպատակներին հասնելու համար։
Ուկրաինային միջոցներ հատկացնելու մասին օրինագիծը ԱՄՆ Կոնգրեսում քննարկվում է 2023 թվականի հոկտեմբերից։