Իսպանացի հազարավոր ֆերմերներ Մադրիդում բողոքի երթ են անցկացրել
Հազարավոր ֆերմերներ տրակտորների շարասյան ուղեկցությամբ՝ գյուղատնտեսության ճգնաժամային իրավիճակի դեմ ուղղված բողոքի ցույցով դուրս են եկել Մադրիդի կենտրոնական փողոցներ:
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, բողոքող ֆերմերները սկզբում հավաքվել են Գյուղատնտեսության, ձկնորսության և պարենի նախարարության շենքի մոտ, այնուհետև՝ Իսպանիայի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով շարժվել դեպի Եվրոպական հանձնաժողովի կենտրոնակայան։
Երթին մասնակցել է մոտ 5000 մարդ, 100 տրակտոր։
Ցուցարարները պահանջում են ավելի շատ ֆինանսավորում երաշտի դեմ պայքարելու համար, ինչպես նաև աշխատանքային պայմանների բարելավում, իրենց արտադրանքի արդար գների հաստատում, գյուղատնտեսական դիզվառելիքի համար հարկային արտոնությունների պահպանում և եվրոպական գյուղատնտեսական քաղաքականության փոփոխություն: