Գազայի հատվածում Իսրայելի հանցագործություններն անընդունելի են․ Թուրքիայի ԱԳ նախարար
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկու հետ, որի ընթացքում, անդրադառնալով պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմանը, հայտարարել է, որ Գազայի հատվածում «Իսրայելի հանցագործությունները» անթույլատրելի են։
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Թուրքիայի ԱԳՆ-ում աղբյուրին հղումով։
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Գազայում տեղի ունեցող իրադարձությունները, և ԱԳ նախարարն ընդգծել է, որ Իսրայելի կողմից Գազայում խաղաղ բնակչության դեմ իրականացված հանցագործություններն անընդունելի են։ Ֆիդանը նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ լիարժեք հրադադար հաստատել և Գազա հումանիտար օգնություն հասցնել», - հայտնել է գործակալության աղբյուրը։
Բացի այդ, Ֆիդանը բանակցություններ է վարել նաև իր նիդեռլանդցի պաշտոնակցի՝ Հանկե Բրուինս Սլոթի հետ, որոնց ընթացքում ևս քննարկվել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները։
«Ֆիդանն ասել է, որ պետք է համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի Գազայում էսկալացիայի հետևանքով լարվածության աճը չվերաճի տարածաշրջանային ճգնաժամի», - հավելել է գործակալության զրուցակիցը։