Եթե պետությունը 2 ժամանոց համերգի վրա կարող է 6 մլն դոլար ծախսել, աշխարհի հայերն ինչո՞ւ են հեռուստամարաթոններ կազմակերպում․ Ղազարյանը՝ Սնուփ Դոգգի համերգի մասին (տեսանյութ)
ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանի կարծիքով՝ ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգգի համերգի համար նախատեսած ծախսը հնարավոր չէ փակել տոմսերի վաճառքով։
Օգոստոսի 11-ին հայտնի դարձավ, որ կառավարության որոշմամբ համերգի կազմակերպման համար Հայաստանի պետբյուջեից կհատկացվի 2,3 մլրդ դրամ (մոտ 6 մլն դոլար):
Ղազարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ պետությունը 2,3 միլիարդ դրամ է հատկացրել մի ընկերության, որը ստեղծվել է այս տարվա հուլիս ամսին:
Ըստ նրա՝ եթե պետությունը 2 ժամանոց համերգի վրա կարող է 6 միլիոն դոլար ծախսել, աշխարհի հայերն ինչո՞ւ են Համահայկական հիմնադրամի միջոցով հեռուստամարաթոններ կազմակերպում, «խնդրում, աղերսում, 50, դոլարով, 100 դոլարով, 10 դոլարով փող հավաքում, որը դառնում է ընդամենը 12 միլիոն դոլար»։
«Երբ որ 2 ժամում Հայաստանի կառավարությունը կարող է 6 միլիոնը մարիխուաննայի տեսքով ծխել ու փչել»,- հավելեց նա։
Հասարակական գործիչը նշեց, որ այս համերգի համար նախատեսված գումարով կարելի էր այլ խնդիրների լուծել, այդ թվում՝ զոհված զինծառայողների ընտանիքների համար։
Բացի այդ, Ղազարյանը չբացառեց հնարավոր կոռուպցիան՝ նշելով, որ նախատեսված գումարով ծախսի մի մասը կարող է չարվել։
Կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ հատկացվող 2,319 մլրդ դրամը կուղղվի Snoop Dogg-ի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:
Կառավարությունն ակնկալում է, որ ծրագրին կմասնակցի 20-25 հազար մարդ, այդ թվում՝ 5–6 հազար զբոսաշրջիկ:
Ռեփերի համերգը կկայանա սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում։