Եթե ես նրա տեղը լինեի, կհետևեի, թե ինչ եմ ուտում. Բայդենը կատակել է Պրիգոժինի թեմայով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չգիտի «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի գտնվելու վայրը։ ԱՄՆ նախագահը կատակել է, որ եթե ինքը լիներ Պրիգոժինի տեղը, ապա ապստամբության փորձից հետո ուշադիր կլիներ, թե ինչ է ուտում, գրում է bloomberg.com-ը։
«Եթե ես նրա տեղը լինեի, կհետևեի, թե ինչ եմ ուտում: Ես ուշադիր կլինեի ճաշացանկիս»,- ասել է Բայդենը Հելսինկիում կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ ոչ ոք հստակ չգիտի, թե «ինչպիսին է Պրիգոժինի ապագան Ռուսաստանում»:
Հիշեցնենք, որ լույս 24-ը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ուժերը Դոնի Ռոստովում գրավել էին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի էր ունեցել Եվգենի Պրիգոժինի այն հայտարարության ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռառումբային հարվածներ է հասցրել «Վագներ»-ի ճամբարներին, ինչը հերքել էր և՛ ՊՆ–ն, և՛ ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու հոդվածով քրեական գործ էր հարուցվել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողությունները որակել էր «հանցավոր արկածախնդրություն», «հարված թիկունքից» և «դավաճանություն»։
Ավելի ուշ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցել է Պրիգոժինի հետ, և նա ընդունել է Ռուսաստանի տարածքում «Վագների» շարժը դադարեցնելու առաջարկը: Դրանից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ «Վագներ»-ի ղեկավարը կմեկնի Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի։Հունիսի 28-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի ԱԴԾ-ում կարճվել է զինված ապստամբության գործը։