Փաստորեն, Փաշինյանին փողոցում քայլելիս որ տեսնենք, մայթը պետք է փոխենք, որ չձերբակալվենք. Թագուհի Թովմասյան
Երկրի վարչապետը իր հանգիստը վայելում է Երևանի փողոցներում, ու դրանից տուժում են քաղաքացիները, ովքեր ինչ-որ առումով ցասում ունեն, դժգոհություն կամ բողոք ունեն, ինչ-որ ասելիք ունեն և փորձում են որևէ կերպ ասել:
Ասել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
«Եթե նախորդ անգամ ասում էին ընտանիքի անդամի հետ որևէ մեկը առնչություն չունի և չի կարող ծնողի համար պատասխան տալ, կամ երեխան մեղավոր չէ ծնողի արարքների համար, ապա տվյալ դեպքում ես որևէ տեղեկություն չունեմ, թե ինչ տոնայնությամբ է գնացել զրույցը Վարուժան Ավետիսյանի որդու և Նիկոլ Փաշինյանի միջև:
Ստացվում է, որ անձեռնմխելի պաշտոնյա է Նիկոլ Փաշինյանը, բոլոր իմաստներով իրեն չի կարելի մոտենալ, բայց նախկինում, ուզում եմ հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանը գնում էր փողոցներում քայլում էր, մարդիկ մոտենում էին «սելֆիներ» էին անում, զրուցում էին, հյուրասիրություններ էին անում»,- ասել է նա:
Ըստ Թովմասյանի՝ եթե իրավիճակ է փոխվել, ուրեմն վարչապետը պիտի հետևություններ անի:
«Եթե վախենում է և յուրաքանչյուոր քաղաքացի, ով իրեն մոտ գա կամ ընդառաջ գնա պիտի ձերբակալեն, սա նշանակում է ինքը խնդիր ունի:
Սա մեծապես դատապարտելի երևույթ է, և եթե Նիկոլ Փաշինյանը չի ուզում հետևություններ անի, պիտի հասկանանք, որ նրա ցանկացած զբոսանք սադրանք է Հայաստանի քաղաքացու համար: Մենք բոլորս պիտի հետևություն անենք, եթե տեսնենք ինքը փողոցով քայլում է պիտի մայթը փոխենք, որ չձերբակայեն մեզ»,- ասել է Թովմասյանը: