Թրամփը ՀԴԲ-ին մեղադրել է 2020-ի ընտրություններից առաջ Բայդենի որդու մասին վարկաբեկիչ նյութերի տարածումը միտումնավոր կանխելու համար
ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) 2020 թվականի նախագահական ընտրություններից առաջ փորձել է կասեցնել գործող նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի մասին վարկաբեկիչ տվյալների տարածումը։ Համապատասխան հրապարակումը Թրամփն արել է իր Truth Social սոցիալական ցանցում։
«Հենց նոր պարզվեց, որ Հանթեր Բայդենի դեմ «հետաքննություն» անցկացնող ՀԴԲ-ն բազմաթիվ հարցումներ է ուղարկել 2020 թվականի ընտրություններին ընդառաջ՝ նրա հետ կապված բոլոր վատ լուրերը գաղտնի պահելու նպատակով։ Այսինքն՝ այն նույն մարդիկ, որոնք «հետաքննում են» Հանթերին, ապահովում էին, որ նա մասին լրատվամիջոցներում վատ հրապարակումներ չհայտնվեն՝ միայն լավը», - գրել է Թրամփը՝ դա անվանելով «բացահայտ խայտառակություն»։
Ավելի վաղ անկախ լրագրող Մեթ Թայբին, վկայակոչելով Twitter-ի ներքին նամակագրությունը, պնդում էր, որ ընկերությունը կանոնավոր կերպով հետևել է ԱՄՆ իշխանությունների՝ հիմնականում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հրահանգներին՝ գրաքննության ենթարկել իր սոցիալական ցանցը, իսկ Հանթեր Բայդենի և նրա նոութբուքի սկանդալի դեպքում՝ ընկերության ղեկավարները որոշել են, որ այս պատմության հետ կապված բոլոր նյութերը ենթարկվելու են տեղեկատվության հրապարակումը սահմանափակելու քաղաքականությանը։
Այս սկանդալի հետ կապված տեղեկատվության տարածումը սահմանափակելու համար, պնդում է լրագրողը, Twitter-ի ղեկավարությունը կիրառել է ամենախիստ միջոցները՝ ոչ միայն սահմանափակելով տվյալ դեպքի վերաբերյալ տվյալների տարածման հնարավորությունը, այլև դրա հետ կապված հրապարակումների հղումները նշելով որպես վտանգավոր։