Հնարավոր է, որ դա տևի անգամ մեկ տարի, խնդիր չեմ տեսնում․ Բաբկեն Սեդրակյանը՝ Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնին ԺՊ մնալու մասին
Շուրջ 4 ամիս է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Բաբկեն Սեդրակյանը։ Լուրեր են շրջանառվում, որ քաղաքային իշխանությունները այդ պաշտոնում ունեն այլ թեկնածու, և Բաբկեն Սեդրակյանը չի նշանակվելու այդ պաշտոնին։
Այս առնչությամբ Tert.am-ը մեկնաբանություն խնդրեց Մետրոպոլիտենի ժ/պ Բեբկեն Սեդրակյանից, ով, սակայն նշեց, որ որևէ տեղեկություն չունի այդ մասով և չի կարող մեկնաբանել «օդում կախված լուրերը»։
«Նոյեմբերի 23-ին Մետրոպոլիտենում կառուցվածքային փոփոխություն է եղել և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը դարձել է գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշոնակատար, որում էլ ես այժմ նշանակված եմ, թե ինչու նշանակում չի լինում, կարծում եմ, որ կոնկրետ ժամկետ չկա, հնարավոր է, որ դա տևի անգամ մեկ տարի, խնդիր չեմ տեսնում։ Ես աշխատում եմ 24-ժամյա ռեժիմով, այս ընթացքում ունեցել ենք մի շարք նոր ձեռքբերումներ և մեծածավալ աշխատանքներ՝ հիմնանորոգված գնացքներ, նոր օդորակիչներ և այլն, ես իմ աշխատանքն եմ անում»,- ասաց Սեդրակյանը։
Հարցին՝ ինչ հարաբերություններ ունի քաղաքային իշխանություններ հետ, Բաբկեն Սեդրակյանը պատասխանեց․
«Քաղաքային իշխանությունների հետ իմ հարաբերությունները աշխատանքային են, ուրիշ ոչինչ, իսկ այդ տեղեկությունները հիմքեր չունեն, իմ կարծիքով»։