Չեմ կարծում, որ տիկին Բաթոյանը միտումնավոր պետք է խախտումներով բնակարանների գնման վկայականներ բաժաներ. Նարեկ Մկրտչյան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը երեկ խորհրդարանում էր։ Նա լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ թոշակների բարձրացման խնդրին՝ հայտարարելով, որ նախատեսում են 2023 թվականից թոշակները բարձրացնել 6 հազար դրամով՝ երկու փուլով։ Նաեւ նպաստներն ու աշխատավարձերն են բարձրացնելու։ Նախարարը փորձեց հուսադրել, որ շուտով մարզերը կկարողանան ամբողջությամբ ապահովել POS տերմինալներով, որպեսզի թոշակառուները կարողանան անկանխիկ գործարքներ կատարել եւ դրա դիմաց 5 հազար դրամ քեշբեք ստանալ։ Խոսեց նաեւ պրոթեզավորման խնդիրներից՝ նշելով, որ այստեղ ունենք գիտելիքի եւ մասնագետների խնդիր, բայց դժվարացավ բացատրել, թե ինչու պիտի պատգամավորներն ու նախարարներն այդքան բարձր պարգեւավճարներ ու աշխատավարձ ստանան, իսկ թոշակառուները՝ այդքան ցածր թոշակ։ Հիմնավորումը, ըստ նախարարի, թվերի մեջ է՝ նախարարների ու պատգամավորների թիվը շուրջ 400 հազար թոշակառուների թվից անհամեմատ ավելի քիչ է, եւ հետո՝ այդ նույն պատգամավորներն ու նախարարներն են օրենսդրական նախագծեր ներկայացնում, որով մի քանի հազար դրամով բարձրանում է թոշակառուների թոշակը։
«Շատ լավ կլինի, որ թոշակները միանգամից բարձրացվեն, շատ լավ կլինի, որ նվազագույն աշխատավարձը դառնա 85 հազար, որը կառավարության ծրագրով ներկայացրել ենք, որ մինչեւ 2026 թ․ դառնալու է այդքան։ Հետեւաբար՝ մենք ամեն ինչ պետք է անենք եւ փուլային տարբերակով անենք։ Կառավարության ծրագիրը մեկ տարվա համար չէ, կառավարության ծրագիրը 5 տարվա համար է, մենք էդ հինգ տարվա ընթացքում փորձելու ենք փուլային ճանապարհով անցնել»,- ասաց սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը։
Հարցրինք՝ չէի՞ն կարող այդ քեշբեքի արդյունքում կենսաթոշակը 5 հազար դրամով ավելացնելու փոխարեն միանգամից պետբյուջեից ուղիղ ձեւով ավելացնել թոշակների չափը։ «Նախ ասեմ, որ սա միջոցառում է, այսինքն՝ մենք էս ծրագիրն իրականացնելու ենք մինչեւ դեկտեմբեր, գնահատելու ենք ծրագիրը, նայելու ենք դրա խնդիրները, առավելությունները, թերությունները, գուցե վերանայենք, գուցե լավարկումներ մտցնենք»,- ասաց նա՝ նշելով, որ այս ծրագրի իրականացմանը պետբյուջեից 5 միլիարդի կարգի գումար է հատկացվելու։
Նրան հարցրինք նաեւ Հաշվեքննիչ պալատի հայտնաբերած ու մամուլում հրապարակված չարաշահումների մասին, որտեղ նախկին նախարար Զարուհի Բաթոյանի անունն է շրջանառվում։ Նարեկ Մկրտչյանն ասաց, որ դա մանկատան սաներին տրվող բնակարանների գնման վկայականներին է վերաբերում՝ 161 վկայական է տրվել, իսկ Հաշվեքննիչ պալատը ստանդարտներին չհամապատասխանելու զեկույց էր հրապարակել։
«Եվ մենք նաեւ դրա հետքերով ուսումնասիրեցինք եւ տեսանք, որ կան չարաշահումներ։ Թե ովքեր են կազմակերպել, ովքեր են ներկայացրել, հիմա դատախազությունն ուսումնասիրություն է իրականացնում, սպասենք դատախազության բացահայտմանը»,-ասաց նախարարը։
- Իսկ Զարուհի Բաթոյանից առաջ կամ հետո եղե՞լ են չարաշահումներ՝ մյուս նախարարների օրոք։
- Ուսումնասիրություններ, ըստ էության, բոլոր ուղղություններով էլ կան, եւ համապատասխան փաստերի առկայության դեպքում դրանք կհրապարակվեն։
- Ասում են՝ անձամբ Դուք եք «բոչկա գլորել» Բաթոյանի վրա, եւ դրանից են այդ չարաշահումներն ի հայտ եկել։
- Տիկին Բաթոյանն իմ գործընկերն է, եւ եթե ծանոթ եք տիկին Բաթոյանի գրառմանը, նա նույնպես կողմնակից է, որպեսզի անաչառ քննություն տեղի ունենա, եւ մեղավորները պատժվեն։ Ես չեմ կարծում, որ տիկին Բաթոյանը միտումնավոր պետք է խախտումներով բնակարանների գնման վկայականներ բաժաներ։ Մեղավորները, բնականաբար, պատժվելու են։
- Կարծում եք՝ մեղավո՞ր է նա։
- Ես դատարան չեմ, ես նախաքննող մարմին չեմ։ Թող դատախազությունն իրականացնի, բոլոր մեղավորները պատասխան են տալու՝ կլինեմ ես, թե մեկ ուրիշը։ Եթե ինձնից հետո կգա մի նախարար, եւ չարաշահողը կլինեմ ես, ես միայն ուրախ կլինեմ, եթե բացահայտվի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։