Էշով ակցիա իրականացրած Սևադա Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է սուտ մատության մեղադրանքով
Սևադա Ղուկասյանը երեկ գիշերը երկու ամսով կալանավորել է սուտ մատնության մեղադրանքով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Սերգեյ Հարությունյանը։
«Սևադա Ղուկասյանի կողմից նախորդ ամսվա սկզբներին հաղորդում էր ներկայացվել ԱԱԾ հանցագործության վերաբերյալ, որ ոստիկանների կողմից իրեն ոստիկանական բաժին բերման ենթարկելու ընթացքում անհամաչափ ուժ է կիրառելու հետևանքով կոտրվել է նրա ատամը։ ԱԱԾ-ն գործ էր հարուցել, բայց գործը կարճվել էր, և սուտ մատնության հիմքով նոր գործ էր հարուցվել՝ իբրև թե իր տված տեղեկությունն իրականությանը չէր համապատասխանում։ Կալանավորման հիմք է հանդիսացել համացանցում հայտնված տեսանյութ, որում Սևադան խոսում է ինչ-որ անձնավորության հետ և ասում, որ ատամը կոտրվել է, բայց պարզ չէ, թե որտեղից այդ ձայնագրությունը, բացի այն ակնհայտ մոնտաժված ձայնագրություն է, պարզ չէ նաև ձայնագրության աղբյուրը»,- նշեց պաշտպանը։
Սերգեյ Հարությունյանը Սևադա Ղուկասյանի կալանավորման մեջ միտում է տեսնում և գտնում է, որ Սևադա Ղուկասյանին անհիմն են կալանավորել։
«Սա նախադեպ է և ստացվում է, որ եթե որևէ ոստիկանի կողմից քաղաքացի տուժի, նախքան դրա մասին բարձրաձայնելը քաղաքացին հաշվի է առնելու Սևադայի դեպքը։ Այսպես կարծես թե ուզում են կանխել, որ որեւէ մեկը հաղորդում չտա»,- հավելեց պաշտպանը։