Իլոն Մասկը վաճառել է Tesla-ի իր բաժնետոմսերի 0.5%-ը՝ 1 մլրդ դոլարի պետական հարկը վճարելու համար
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը 2016 թվականից ի վեր առաջին անգամ վաճառել է Tesla ընկերության իր բաժնետոմսերի մի մասը: Ինչպես հաղորդում է CNN-ը, գործարարը վաճառքն իրականացրել է, որպեսզի վճարի իր ձեռք բերած բաժնետոմսերի համար սահմանված հարկը:
Հաղորդվում է, որ Մասկը 1.1 մլրդ դոլարի բաժնետոմս է վաճառել, որը կազմում է իր բաժնեմասի 0.5 տոկոսը կամ 1 մլն բաժնետոմս:
Մինչ այս գործարքի կնքումը Մասկն ուներ 170.5 մլն բաժնետոմս՝ 182 մլրդ դոլար արժողությամբ: Բացի այդ նա արդեն քայլեր է անում ևս 71.4 մլն բաժնետոմս ձեռք բերելու համար: Բաժնետոմսերի գնումից Մասկը 2.5 մլրդ դոլարի շահույթ է ունեցել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ գործարարը Twitter սոցցանցում հարցում էր անցկացրել՝ արդյոք պետք է վաճառի իր բաժնետոմսերի 10 տոկոսը, թե ոչ: Օգտատերերը վերջինիս խորհուրդ էին տվել վաճառել դրանք:
Նշենք, որ ԱՄՆ-ում միլիարդատերերից գանձվող նոր հարկ են սահմանել, ինչի դեմ ավելի վաղ ելույթ էր ունեցել Մասկը: