Ալիևը հայտարարել է, որ Շուշիից հետո ադրբեջանական բանակի թիրախն Ակնան էր լինելու
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Շուշին վերցնելուց հետո ադրբեջանական բանակի հաջորդ թիրախը Աղդամն (Ակնա) էր:
«Եթե մենք հարձակվեինք այդ ուղղությամբ, մենք շատ շեհիդներ (զոհ) կունենայինք, քանի որ նրանք այնպիսի ամրություն են կառուցել, այնպես են այն ականապատել, որ մեզ համար մեծ սխալ կլիներ հարձակվել այդ կողմից: Սակայն այդ ուղղությամբ բավականաչափ մեծ ուժեր էինք պահում՝ հայկական բանակի զգալի մասը շրջափակելու համար: Այդպիսով մենք զգալիորեն սահմանափակել էինք նրանց մանևրելու տարածությունը: Մենք այսպես, թե այնպես կվերցնեինք Աղդամը: Անառիկ ամրոցը վերցնելուց հետո իմ հրամանով հաջորդ ուղղությունն Աղդամն էր»,- Minval.az-ի փոխանցմամբ՝ ասել է Ալիևը:
Ալիևը խոսել է նաև քաղաքում արվելիք վերականգնողական աշխատանքների մասին և հայտնել, որ Ակնան ավտոմոբիլային, ինչպես նաև երկաթուղային ճանապարհներով կմիանա Բարդային (Պարտավ):