Ֆրանսիան, Եգիպտոսը և Հորդանանը Իսրայելի և Պաղեստինի միջև կրակի դադարեցմանն ուղղված բանակցություններ կանցկացնեն
Պաղեստինա-իսրայելական հակամարտության չդադարող ռմբակոծությունների ֆոնին Ֆրանսիան, Եգիպտոսը և Հորդանանը կրակի դադարեցմանն ուղղված բանակցություններ կանցկացնեն, հայտնում է Al Jazeera լրատվականը՝ հղում տալով Ֆրանսիայի նախագահական նստավայրի հայտարարությանը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին և Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-րդը պաղեստինա-իսրաելական հակամարտության կրակի դադարեցման վերաբերյալ բանակցություններ կանցկացնեն։
«Եռակողմ հանդիպումը նախևառաջ նպատակ ունի աշխատել արագ կրակի դադարեցման ուղղությամբ և կանխել հակամարտության շարունակությունը», - ասված է նախագահական նստավայրի տարածած հայտարարությանմեջ։
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 212-ի, որոնցից 61-ը երեխա և 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։
Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին: