Լատվիայի նախագահն «օտար պատերազմ» է անվանել Երկրորդ աշխարհամարտը
Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսը հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը լատվիացիների համար օտար էր, սակայն հանրապետությունը դարձել է դրա հետևանքով առավել տուժածներից մեկը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին նա խոսել է Ռիգայի Եղբայրական գերեզմանոցում ծաղկեպսակ դնելու արարողությունից հետո:
«Այսօր՝ մայիսի 8-ին, մենք ոգեկոչում են Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը: Լատվիան չի մասնակցել պատերազմին, դա օտարերկրյա պատերազմ էր. մեր տղաները բանակ են զորակոչվել պատերազմի երկու կողմից, նրանք կռվել են օտարերկրյա բանակներում, և մենք նույնպես բազմաթիվ զոհեր ենք ունեցել քաղաքացիական բնակչության շրջանում: Պետք է ասեմ, որ Լատվիան այն երկրներից մեկն է, որոնք ամենից շատ են տուժել պատերազմի ժամանակ՝ չմասնակցելով դրան որպես որևէ կողմ»,- հայտարարել է լատվիացի առաջնորդը:
Արարողությանը մասնակցել են նաև Սեյմի (խորհրդարանի) խոսնակը, պաշտպանության նախարարը և Ազգային զինված ուժերի հրամանատարը: