ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան վերջնականապես ավարտին հասցրին Brexit-ը
Եվրամիությունը (ԵՄ) և Միացյալ Թագավորությունը վերջնականապես ավարտին հասցրին Brexit-ի գործընթացը: Այս մասին գրում է ТАСС-ը:
Նշվում է, որ ապրիլի 30-ից մայիսի 1-ը, Բրյուսելի ժամանակով (Երևանի ժամանակով 02:00), 00:00-ին, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև երկկողմ հարաբերությունների մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել:
«Առևտրի և համագործակցության համաձայնագրի կնքումը իրավական որոշակիություն կտա ԵՄ-ի և ՄԹ-ի նոր հարաբերություններին` նեղուցի երկու կողմերում գտնվող քաղաքացիների և ձեռնարկությունների շահերից ելնելով: Մենք Միացյալ Թագավորությանը գնահատում ենք որպես լավ հարևան, հին դաշնակից և կարևոր գործընկեր», - այս առնչությամբ նշել են ԵՄ խորհրդում:
Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին Բրյուսելում կայացած լիագումար նիստում Եվրախորհրդարանը (ԵԽ) կողմ քվեարկեց փաստաթղթին, իսկ ապրիլի 29-ին փաստաթուղթը վավերացվեց ԵՄ Խորհրդի կողմից: