Կիպրոսի իշխանություններն անօրինական ճանապարհով 3500 «ոսկե անձնագրեր են» տվել ներդրողների ազգականներին
Կիպրոսի իշխանությունները հարուստ ներդրողների ազգականներին անօրինական ճանապարհով 3,5 հազար անձնագիր են տվել` ներդրված կապիտալի փոխարեն ԵՄ-ի քաղաքացիություն տրամադրելու ծրագրի շրջանակում: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը, վկայակոչելով անկախ հանձնաժողովի զեկույցը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հանձնաժողովը պարզել է, որ 6 հազար 779 այսպես կոչված «ոսկե անձնագրերի» ավելի քան կեսը Կիպրոսը տվել է ներդրողների չափահաս տարիքի ազգականներին, չնայած այն օրենքների բացակայությանը, որոնք թույլ են տալիս դա անել: Կիպրոսի կառավարությունն այս դեպքում ճիշտ չի բացատրել օրենքը, նշվում է զեկույցում:
Օրենքի ևս մեկ սխալ մեկնաբանությունը կառավարությանը թույլ Է տվել անձնագրեր տալ օտարերկրյա և տեղական ընկերությունների ղեկավարությանը, չնայած այն բանին, որ այդ մարդիկ իրենք ոչինչ չեն ներդրել երկրի տնտեսության մեջ: Հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ թոփ-մենեջերները չեն կարող համարվել ներդրող, որովհետեւ նրանք չեն այն ընկերությունների սեփականատերերը, որոնք կառավարում են: Կիպրոսը երկրի տնտեսության մեջ ներդրումների միջոցով քաղաքացիություն ստանալու ծրագիրը չեղարկել է անցյալ տարվա նոյեմբերի 1-ից:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ 2017-ից մինչև 2019 թվականները Կիպրոսի իշխանությունները «ոսկե անձնագրեր են» տվել 1,4 հազար հարուստ օտարերկրացիների, որոնք համաձայնել են դրա փոխարեն ներդրում անել երկրի տնտեսության մեջ: Միևնույն ժամանակ պարզվել է, որ այդպիսի անձնագրեր ստացողներից ոմանք մեղավոր են փողերի լվացման, կոռուպցիայի և այլ հանցագործությունների համար: