«Ուրախ եմ իմ լուսանկարներով համացանցին ծիծաղ պարգևել»․ Մարկ Ցուկերբերգը՝ Հավայիներում հանգստի ժամանակ պապարացիի ֆիքսած լուսանկարների մասին
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերիի հետ զրույցում անդրադարձել է 2020-ին Հավայան կղզիներում արված և համացանցում մեմերի առիթ դարձած լուսանկարներին, որոնցում երիտասարդ միլիարդատերն արևի վնասակար ճառագայթներից պաշտպանվելու համար դեմքն առատորեն արևապաշտպան քսուքով էր պատել, գրում է Buzz Feed-ը։
Ցուկերբերգի խոսքով՝ իր մաշկը զգայուն է, ուստի փորձում է ջրային սպորտով զբաղվելիս որքան հնարավոր է շատ արևապաշտպան քսուք օգտագործել։
Այնուհանդերձ, միլիարդատերը բացահայտել է, որ տեսել է իրեն հետևող պապարացիին և որոշել է «նրանից թաքնվել արևապաշտպանի հաստ շերտի տակ»։
Ցուկերբերգը խոստովանել է, որ իր «հնարքը չի աշխատել և թեև կարծում էր, որ հիանալի տեսք ունի, բայց պապարացին արել է իր կյանքի վատագույն լուսանկարը»։
Նրա խոսքով՝ չի սրտնեղում համացանցում տարածված մեմերից։
«Ուրախ եմ իմ լուսանկարներով համացանցին ծիծաղ պարգևել», - ասել է նա։