Նրանք կա՛մ չեն հասկացել, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում են իմ խոսքը․ Հրաչյա Հակոբյանը՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար դիմած պատգամավորների մասին (տեսանյութ)
Նրանք կա՛մ չեն հասկացել, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում են իմ խոսքը։ Այսօր Ազգային ժողովում, երբ պետք է առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեին արդեն քննարկված նախագծերը, վարման կարգով ասաց «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով իր խոսքի հետ կապված էթիկայի հանձնաժողով ստեղծելու որոշ պատգամավորների առաջարկին:
«Իրենց անկախ հռչակած մի քանի պատգմավոր դիմում են ԱԺ խմբակցություններին, որ էթիկայի հանձնաժողով ստեղծվի և քննվի այն հարցը, որ ես իբր ասել եմ, թե պետք է ստորացնելով բերման ենթարկել սյունեցիներին: Նրանք կա՛մ չեն հասկացել, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում են իմ խոսքը»,-ասաց նա:
Հրաչյա Հակոբյանը նշեց, որ ինքը շատ հստակ ասել է, որ պետք է ստորացնելով բերման ենթարկեն այն խուլիգաններին, որոնք հայհոյում են Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմնակիցներին, ՀՀ քաղաքացիներին և դա անում են խուլիգանավարի: «Խնդրում եմ մի խեղաթյուրեք իմ խոսքը, կամ եթե լավ չեք հասկանում, մի քիչ ուշադիր եղեք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանն իր ելույթում մեջբերել էր Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը, ինչի հետ կապված դիմել են, որ ստեղծվի էթիկայի հանձնաժողով: