ՆԱՏՕ-ն ՌԴ-ին նախազգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի հետագա սրման առնչությամբ. Die Welt
Ուկրաինական սահմանի մոտ ռուսական զորքերի տեղաշարժի և Դոնբասի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի աճման ֆոնին Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) նախազգուշացրել է Մոսկվային իրավիճակի հետագա սրման առնչությամբ:
Այս մասին գերմանական Die Welt-ի հետ զրույցում հայտնել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը և հավելել՝ «Ռուսաստանի կողմից ապակայունացնող միջոցները խարխլում են բոլոր ջանքերը, որոնք ուղղված են սահմանային լարվածության թուլացման՝ 2020 թվականի հուլիսի 27-ին ԵԱՀԿ-ի աջակցությամբ կնքված հրադադարի համաձայնագրի շրջանակներում»:
Դաշինքի ներկայացուցիչը մանրամասնել է նաև, որ ՆԱՏՕ-ն նախկինի նման շարունակում է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
«Մենք շարունակում ենք զգոն լինել և շարունակում ենք շատ ուշադիր հետևել իրավիճակին»,- գերմանական պարբերականին հայտնել է նա:
Աղբյուրը շեշտել է նաև, որ ապրիլի 1-ին Դաշինքի ներկայացուցիչները հանդիպել են, այսպես կոչված, Հյուսիսատլանտյան խորհրդի ձևաչափով` քննարկելու Սև ծովի ափին առկա լարված իրավիճակը:
«Դաշնակիցները կիսել են մտահոգությունները Ուկրաինայում և Ուկրաինայի սահմանների մերձակայքում Ռուսաստանի լայնածավալ ռազմական գործունեության վերաբերյալ: Նրանք մտահոգված են նաև այն փաստով, որ Ռուսաստանը խախտել է 2020-ի հուլիսին կնքված հրադադարի պայմանագիրը, որի հետևանքով վերջերս 4 ուկրաինացի զինվոր է զոհվել»,- ընդգծել է զրույցակիցը:
Վերջինիս խոսքով՝ անցյալ շաբաթվա վերջին Ուկրաինան և ռուսամետ ապստամբները միմյանց մեղադրել են երկրի արևելքում հակամարտության գոտի համարվող Դոնբասում դիրքերը գնդակոծելու համար:
«Ապստամբները 7 տարի շարունակ վերահսկում են Դոնեցկի և Լուգանսկի տարածքների մի մասը Ռուսաստանի սահմանի երկայնքով: ՄԱԿ-ի գնահատականներով` այդ ժամանակից ի վեր սպանվել է ավելի քան 13 000 մարդ», - գրում է Die Welt- ը: