Մեծ Բրիտանիայում այսօր արձանագրվել է կորոնավիրուսով վարակման նվազագույն մեկօրյա ցուցանիշը սեպտեմբերից ի վեր
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին մեկ օրում կազմել է 6035, ինչը նվազագույն մեկօրյա ցուցանիշն է անցյալ տարվա սեպտեմբերի 28-ից ի վեր:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ ներկայացնելով կիրակի կառավարական տեղեկագրում հրապարակված տվյալները, վերջին 24 ժամում կորոնավիրուսային հիվանդության բարդացման հետևանքով մահացել է 144 մարդ, որը նվազագույն մեկօրյա ցուցանիշն է դեկտեմբեր 13-ից ի վեր:
Նախօրեին Միացյալ Թագավորության տարածքում արձանագրվել էր վարակման ավելի քան 7400 դեպք, որից 290-ը՝ մահվան ելքով:
Մեծ Բրիտանիայում խիստ համաճարակաբանական իրավիճակ է ձևավորվել անցյալ տարվա դեկտեմբերից, երբ երկրում «Քովիդ-19»-ի նոր՝ արագ ատարծվող շտամ էր հայտնաբերվել: Հունվարի 4-ից երկրի ողջ տարածքում կարանտին է սահմանվել, որը կմեղմանա մարտի 8-ից սկսած:
Համաճարակի ողջ ընթացքում կորոնավարակակիրների թիվը Մեծ Բրիտանիայում գերազանցել է 4,17 մլն-ը, մահացածներինը՝ 122 հազարը: