Եթե որևէ ադրբեջանցու ձերբակալեին, նա ավելի շատ իրավունքներ կունենար, քան Արա Սաղաթելյանը. Ռուբեն Մխիթարյանի ֆիլմը՝ Սաղաթելյանի կալանավորման մասին
«Արա Սաղաթելյան. մի հայի պատմություն». այս անունն է կրում ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանի ֆիլմը ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնադիր Արա Սաղաթելյանի մասին, որի նկատմամբ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել, Սաղաթելյանն էլ՝ կալանավորվել:
Ֆիլմում Արա Սաղաթելյանի գործունեության, տարիներ շարունակ ադրբեջանական քարոզչության հակազդելու դաշտում կատարած աշխատանքի և նրա կալանավորման մասին խոսում են լրատվական դաշտի հանրաճանաչ ներկայացուցիչները:
«Արմենիա» ՀԸ լրատվական բաժնի ղեկավար Արտակ Ալեքսանյանի խոսքով՝ տարիներ առաջ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը ստեղծելու՝ Արա Սաղաթելյանի նախաձեռնությունը քմահաճություն չէր ամենևին:
«Բոլորը տեսնում էին, թե ինչպես է Ադրբեջանը, շատ հիմնավոր և հսկայական միջոցներ ծախսելով, փորձում ամբողջությամբ ձևախեղել արցախյան հակամարտության պատմությունն ու տարածաշրջանի պատմությունն ընդհանրապես: Այդ ուղղությամբ ՊՈԱԿ-ի գործունեությունը դարձավ շատ հանգուցային: Հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում երբեք այդքան շատ միջազգային լրատվամիջոց չի եղել Հայաստանում, որքան՝ 2016 թ-ի քառօրյա պատերազմի օրերին ու դրանից հետո նույնպես: ՊՈԱԿ-ի թիմն էր հենց, որ կարողանում էր արագ ու որակով տեղեկատվություն տրամադրել նրանց»,- նշում է Ալեքսանյանը:
«Քառյակ մեդիա»-ի գլխավոր տնօրեն Արամ Անտինյանի դիտարկմամբ՝ Արա Սաղաթելյանին իր ղեկավարած փոքրաթիվ թիմի հետ միասին տարիներ շարունակ հաջողվել է հակակշռել թշնամու ծախսած միլիարդավոր դոլարներով իրականացված ադրբեջանամետ քարոզչությանը:
«2016 թ. տեղեկատվական պատերազմը, անկախ մարտական գործողությունների ընթացքից, ավելի շահեկան էր Հայաստանի համար, և այդ հարցում մեծ դեր էր խաղում այն կառույցը, որը ղեկավարում էր Արա Սաղաթելյանը: Նրա ճիշտ և ջերմ հարաբերությունները բոլոր լրատվամիջոցների հետ՝ անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքական ուղղվածություն ունեին դրանք»,- նշում է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը: