Նիկոլ Փաշինյանը նախընտրում է բախումնային սցենարով շարժվել առաջ և պատրաստ է ցանկացած սադրանքի․ Լարիսա Ալավերդյան
Խոսելով մարդու իրավունքների մասին` պետք է կրկնեմ այն բանաձևը, որը մինչև հիմա ասում էի ադրբեջանցիների մասին՝ տվյալ դեպքում քաղաքացի Նիկոլը ոչ թե ոտնահարում, կամ անտեսում է մարդու իրավունքները, ժողովրդավարության սկզբունքները, նա ուղղակի իրեն հակադրում է դրան և դա անում է ցուցադրաբար։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթներին։
«Այսինքն՝ նույն այն ձեռագիրն ու ոճն է, որը վաղուց որդեգրել է Ադրբեջանի նախագահը՝ հայերի հանդեպ, հետաքրքիր է, որ նույնը Փաշինյանն անում է էլի հայերի հանդեպ։ Այս համընկնությունը բավականին շատ բնութագրեր է տալիս, և իր կոչերը Քրեական օրենսգրքով նշանակում են, որ ինքը պատրաստ է և կոչ է անում իրականացնել բոլոր այն հանցագործությունները, որոնք նշված են ՀՀ քրեական օրենսգրքի 28–րդ գլխում՝ որը կոչվում է Սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ հանցագործություններ։ Մենք այս վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ տեսել ենք դեռ սովետական Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ»,–ասաց նա։
«Եթե, ըստ Նիկոլ Փաշինյանի, թավիշը այն է, որ պետք է մարդուն փռեն ասֆալտին, ծեփեն պատին, ոչ թավիշը կարող է հակառակն է, պետք է ասֆալտը փռեն մարդու վրա, պատը ծեփեն մարդուն։ Դա իր ոճն ու մտածելակերպն է և նա այս կերպ բացահայտում է նույն իր մարմաջը՝ բռնությամբ պահել իշխանությունը»,–ասաց նա։
Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ այս ամենի լուծումը շարունակելն է պայքարը, որն այսօր հասարակության 90 տոկոսից ավելին է իրականացնում։ «Իսկ եթե այդպես չէ, ապա գոնե 90 տոկոսից ավելի մարդկանց աչքերը բացվել են և տեսնում են՝ ինչ է տեղի ունենում։ Այնպես չէ, որ ամբողջ ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, դա միայն տեղի է ունենում պոպուլիստական շարժումների ժամանակ։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում դա պոպուլիզմ չէ, դա այն իրական գործողություններն են, որոնցով ի վերջո պետք է փրկենք հայկական պետականությունը և վերադարձնենք Հայաստանի սուբյեկտայնությունը»,–ասաց նա։
Լարիսա Ալավերդյանը հնարավոր համարեց, որ իշխանությունները կարող են գնալ բախումների։ «Ես չեմ ուզում ասել քաղաքացիական պատերազմ, բայց որ ինքը նախընտրում է բախումնային սցենարով շարժվել առաջ՝ դա ակնհայտ է։ Դրա համար միանում եմ զգոնության կոչերին, քանի որ իմ կարծիքով իշխանությունները պատրաստ են ցանկացած սադրանքի»,–ասաց նա և նշեց, որ ամեն դեպքում դա հնարավոր է կանխել։