Փաշինյանին ինչ թուղթ դեմ են տվել՝ ստորագրել է, իսկ Ադրբեջանը GPS-ով Սյունիքում սահմանը քաշել է դեպի արևմուտք․ ՀՀ հատվածում կսկսվեն սահմանային նոր ճշգրտումներ․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
Պարզվում է, որ Սյունիքն ադրբեջանական է, մենք էլ Ադրբեջանում ենք ապրում: Երևանի Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հավաք-քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Այսօր պատգամավոր Հայկ Գևորգյանը ասում է՝ 21 կիլոմետր Գորիսի հատվածում իրանցն է: Պարզվում է՝ մենք Ադրբեջանի հողում ենք ապրում, Սյունիքն էլ ադրբեջանական է»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Նա նշեց, որ Սյունիք գնալու ճանապարհին իրեն ներկայացրել են փաստաթուղթ, ըստ որի՝ տվյալ ճանապարհահատվածը ադրբեջանցիներինն է:
«Սյունիքի դեպքերի հետ կապված ես ուզում եմ մանրամասն ներկայացնել իրավիճակը, որպեսզի հասկանաք ստորության աստիճանը: Սյունիքի ճանապարհին մեր սահմանապահներն ասում են՝ մի գնացեք, գնում ենք ներքև, գալիս են ռուսական սահմանապահները, հանդիպում ենք նրանց հետ ու գալիս են ադրբեջանցիները: Իմ հարցին՝ իրենք այստեղ ինչ գործ ունեն, պատասխանեցին՝ սա իրենց ճանապարհն է, ինձ տվեցին հուշագիր, որտեղ կար, որ այդ ճանապարհն Ադրբեջանինն է, իսկ ներքևում Փաշինյանի ստորագրությունն է»,- նշեց նա։
Հրանտ Բագրատյանի հավաստմամբ Ադրբեջանը GPS-ով սահմանը քաշել է դեպի արևմուտք: «Փաշինյանն անպատրաստ, առանց մարդկանց ուղեկցության, իր ուղեղով, առանց բարձրագույն կրթության, նրան ինչ թուղթ դեմ են տվել՝ ստորագրել է, իսկ Ադրբեջանը GPS-ով սահմանը քաշել է դեպի արևմուտք»,- ասաց Բագրատյանը:
Հրանտ Բագրատյանը հայտնեց, որ Հայոց Բանակը կազմալուծվում է Ադրբեջանի պատվերով և պատերազմի ընթացքում չի եղել զորակոչ:
«Արցախը հանձնել են, և կան 5 մեղավորներ ու պատասխանատուներ՝ Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանը, Դավիթ Տոնոյանը, Գլխավոր շտաբի պետը և պաշտպանության հանձնաժողովի նախագահը ( նկատի ունի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին – Tert.am): Հայաստանում չի եղել նորմալ զորակոչ, զորակոչվածներին էլ տարել լցրել են ադրբեջանցիների բերանը: Մենք տարիների ընթացքում մի կերպ բանակ ենք սարքել ջոկատներից, իսկ հիմա Նիկոլը ջլատում է այդ բանակը, սարքում ջոկատ, նա մասնատում է բանակը, նա չի ուզում՝ միասնական բանակ լինի, իսկ դա Ադրբեջանի պատվերն է»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
ՀՀ նախկին տնտեսագետը վստահ է, որ կսկսվեն սահմանային նոր ճշգրտումներ Հայաստանի հատվածում: «Սկսվելու են նոր ճշգրտումներ՝ Գեղարքունիքում, Տավուշի հատվածում և Արարատի հատվածում»,- ասաց Հրանտ Բագրատյանը: