Փաշինյանը եկել էր կատարելու մի ծրագիր, որը երկիրը պետք է քանդեր, և դա շատ վարպետորեն անում է մինչև հիմա․ այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է․ քաղաքացի (տեսանյութ)
Ես իշխանությունների հետ համաձայն եմ, երբ ասում են, թե ընտրությունների կարիք չկա․ այո՛, կա իշխանությունների հրաժարականի կարիքը։ Այս մասին Երևանի Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հավաք-քննարկումից հետո Tert.am-ի հետ զրույցում ասաց հավաքի մասնակիցներից մեկը։
«Հանրությունը պատրաստ է լսել միայն նրանց հրաժարականը, այլ պայման պետք չէ դնել, որովհետև իրենք սպառվել են իրենց գործողություններով, ազգադավ գործունեությամբ։ Այս պայմաններում նոր ընտրությունների գնալը ժողովրդին ոչ մի բան չի տա, նոր խաբկանք կլինի, կխաբեն նորից»,-ասաց նա՝ նշելով, թե այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է։
«Թե նրանց ուղեղում ինչ է կատարվում, ով է ուղղորդում, պլանավորված բաներն ով է անում, ինձ համար գաղտնիք է, որովհետև իրենց մտավոր կարողությունն այդքան բարձր չէ։ Ես 2018-ից որ լսում էի նրանց ելույթները, ինձ վիրավորված էի զգում որպես քաղաքացի։ Ասում էի՝ ես այսքան տարի ապրել եմ, կրթված մարդ եմ, ինձ բան են սովորեցնում, ինքնասիրությունս վիրավորված էր։ 2018-ին, երբ այս ամենը եղավ, որ կոչում են հեղափոխություն, ես ինքս էլ կողմ էի, որ Սերժ Սարգսյանը հեռանար, բայց շատ կարճ ժամանակ անց համոզվեցի, որ Նիկոլի գալը մեծ սխալ էր մեր երկրի համար, և ես իմ շրջապատում դեռ 2018-ից ասում էի, որ նա մեր երկրի համար շատ վտանգավոր է»,-ասաց քաղաքացին։
Նա անդրադարձավ նաև գործող կառավարության կազմին՝ տեսակետ հայտնելով, թե այն արդյունավետ աշխատել չէր կարող․ «Փաշինյանի կառավարության կառուցվածքը պետության քանդման կառուցվածք էր, այդ կառավարությունն ուրիշ բան չէր կարող անել, պետությունը պետք է քանդվեր, նա սկսեց բանակին հարվածել՝ գեներալներին մեղադրելով։ Նա, իմ կարծիքով, եկել էր կատարելու մի ծրագիր, որը երկիրը պետք է քանդեր, և դա շատ վարպետորեն կատարում է մինչև հիմա»,-ասաց քաղաքացին։