Ադրբեջանական կողմը տների մերձակայքում տեղակայում է զրահատեխնիկա՝ թիրախավորելով սեփական խաղաղ բնակչությանը. Արծրուն Հովհաննիսյան
Այսօրվա դրությամբ ադրբեջանական Զինված ուժերի կողմից թիրախավորվել են հայկական բնակավայրերը, մասնավորապես, Տավուշի մարզի՝ Չինարի, Ներքին Կարմիաղբյուր, Այգեպար, Պառավաքար համայնքները, իսկ այսօր հրետակոծության է ենթարկվել Բերդ քաղաքը, թիրախավորվել են երկու գործարաններ: Այս մասին Իջևանում տեղակայված ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցին ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ վնասներ են կրել տներ, վնասվել է մի քանի գազատար խողովակներ։
«Փաստացի թիրախավորվում է խաղաղ բնակչությունը, բարեբախտաբար զոհեր չունենք խաղաղ բնակչության շրջանում».-ասաց նա և նշեց, որ հայկական Զինված ուժերը լռեցրել է հակառակորդին՝ հնարավոր բոլոր ձևերով։
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետներ, նաև տանկեր: «Ադրբեջանական Զինված ուժերն այս ընթացքում կիրառել է իրենց ձեռագրին բնորոշ գործողություններ, մասնավորապես, սեփական գյուղերում թիրախավորում է սեփական բնակչությանը: Տների մերձակայքում տեղակայում են զրահատեխնիկա՝ դրանով թրախավորելով խաղաղ բնակչությանը, այս պահին ունենք համապատասխան ապացույցներ»,-ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին օպերատիվ վիճակը համեմատաբար հանգիստ է, և այդ հանգիստը սկսվել է 18:00-ին, այսինքն՝ լարվածության թուլացում կա: