Չափից շատ լավ անձնավորություն էր. Ճամբարակի քաղաքապետը՝ հակառակորդի կրակից զոհված Սմբատ Գաբրիելյանի մասին
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող փոխհրաձգությունների հետևանքով hակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը Ճամբարակից էր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը:
«Մայրը ուսուցչուհի է, հայրը, եղբայրը զինվորական է, իսկ մյուս եղբայրը որքանով տեղյակ եմ բժիշկ է: Շատ շատ լավ, չափից շատ լավ անձնավորություն էր»,-ասաց քաղաքապետը:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող փոխհրաձգությունների հետևանքով hակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը։ Իսկ ավելի վաղ ևս երկու զինծառայողներ էին մահացու վիրավորում ստացել հակառակորդի կրակոցից՝ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: