Մոսկվայում կորոնավիրուսով վարակված անձի հետ շփված 24 մարդու հոսպիտալացրել են վիրուսի կասկածանքով
Մոսկվայում կորոնավիրուսով վարակված անձի հետ շփումից հետո հոսպիտալացրել են 24 մարդու, ևս 83 մարդու ուղարկել են կարանտինային գոտի: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին:
Ավելի վաղ կորոնավիրուսի վերահսկման և մոնիթորինգի շտաբը տեղեկացրել էր, որ Իտալիայից վերադարձած ռուսաստանցու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Նշվում էր, որ տղամարդու վիճակը նորմալ է, նա հեշտ է տանում հիվանդությունը:
«Այսօր բժիշկները հաստատել են նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Կորոնավիրուսով ախտահարվածը մոսկվացի է, որը վերադարձել է Իտալիայից: Այժմ նա գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում և ստանում է անհրաժեշտ բուժում: Հիվանդությունը թեթև մակարդակի վրա է»,-տեղեկացրել է Մոսկվայի քաղաքապետը:
Նա նշել է նաև, որ վարակման կասկածը առաջանալու պահից` մեկ օրվա ընթացքում, պարզվել է հիվանդի շփման շրջապատը` ազգականներ, ընկերներ և ուղևորներ, որոնք վերադարձել են նրա հետ նույն չվերթով:
«Հիվանդի 6 ազգական ու 5 ծանոթ է հոսպիտալացվել, կարանտին է տեղափոխվել 83 մարդ»,-հայտարարել է Սոբյանինը:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանում կա ախտահարման 79 968, մահվան 2873 և ապաքինման 41 675 հաստատված դեպք: Նշվում է, որ Չինաստանում ախտահարվածների 52.1%-ն ապաքինվել է: Ինչ վերաբերում է Չինաստանի սահմաններից դուրս տարածքներին, ապա մյուս երկրներում կա ավելի քան 7000 վարակակիր, գրանցվել է մահվան 105 դեպք: