Իտալիան «դրակոնյան օրենքներ» է կիրառում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար.The Guardian (լուսանկարներ)
Իտալիայի իշխանությունները, փորձելով կանխել երկրի հյուսիսում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը, կտրուկ քայլեր են ձեռնարկել, գրում է theguardian.com-ը՝ մանրամասնելով, որ երկրում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 152-ի, կա երեք զոհ: Սա իշխանություններին ստիպում է առավել արմատական քայլերի դիմել:
Օրինակ՝ մարդիկ տուգանվում են հիվանդության օջախները լքելու կամ այնտեղ մուտք գործելու համար:
Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում 11 քաղաքում, որոնք գտնվում են առավելապես Լոմբարդիա շրջանում: Դրանք համարվում են վարակի տարածման օջախները և ուրբաթ օրվանից փակ են:
Ավելի քան 50 000 բնակչի կարգադրվել է տանը մնալ, խուսափել սոցիալական շփումից, փակվել են դպրոցները, մանկապարտեզները, համալսարանները, խանութները, բիզնես գրասենյակները. գործում են միայն դեղատները:
Չեղարկվել են նաև բազմաթիվ մշակութային, ժամանցային և մարզական միջոցառումներ, այդ թվում ՝ Վենետիկի լեգենդար դիմակահանդեսը, ֆուտբոլի Ա սերիայի հանդիպումները:
Կորոնավիրուսը բացասաբար է անդրադարձել նաև նորաձևության ոլորտի վրա: Միլանի նորաձևության շաբաթվան մասնակցող հեղինակավոր Giorgio Armani նորաձևության տունը ստիպված է եղել հրավիրվածներին խնդրել, որ չգան ցուցադրությանը, և նոր հավաքածուն դատարկ դահլիճում է ցուցադրվել:
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, ասել է, որ իտալացիները պետք է հավատով վերաբերվեն իրենց հնարավորություների շրջանակում ամեն ինչ անող քաղաքական և առողջապահական ինստիտուտներին:
Ըստ մասնագետների՝ վարակը շատ մեծ արագությամբ է տարածվում, սակայն մարդիկ չպետք է խուճապի մատնվեն ու պետք է հասկանան, որ վարակը կանխելու հարցում կարևոր է նաև կանոններին հետևելը: