Վրաստանում ձնահյուսի հետևանքով ավտոմեքենան ընկել է կիրճը. Հայաստանի և Վրաստանի մեկական քաղաքացիներ տուժել են, ՌԴ մեկ քաղաքացի զոհվել է
Ռուսաստան տանող վրացական ռազմական նշանակության ճանապարհին ավտոմեքենա է ընկել կիրճը ձնահյուսի պատճառով: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ մեջբերելով Վրաստանի ՆԳՆ հայտարարությունը, ՌԴ մեկ քաղաքացի զոհվել է, ևս երկու մարդ, որոնք Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներ են, տուժել են:
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու Ստեփանծմինդա-Կոբի ճանապարհին հանկարծակիորեն սողանք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեքենան ընկել է կիրճը: Մեքենայում երեք մարդ է եղել, մեկ կին է մահացել՝ ՌԴ քաղաքացի: Փրկարարները կիրճից երկու մարդու են դուրս բերել՝ Հայաստանի քաղաքացու և Վրաստանի քաղաքացու, որի մոտ կոտրվածքներ կան»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
Վրացական՝ ռազմական նշանակության ճանապարհը միակ ավտոմոբիլային ուղին է, որը տանում է Ռուսաստան: Ձյան առատ տեղումների և ձնահյուսի վտանգի պատճառով հունվարի 31-ից երթևեկությունը ճանապարհի որոշակի հատվածում փակվել էր որոշ ժամանակով: Արգելափակումը չեղարկվել էր փետրվարի 2-ին: