Գիտնականները Գրենլանդիայի սառցադաշտերի հալոցքն արագացնող նոր վտանգ են հայտնաբերել
Գիտնականները վաղուց պարզել էին, որ օդի բարձր ջերմաստիճանը նպաստում է Գրենլանդիայի սառցե ծածկույթի մակերեսային հալոցքին, սակայն վերջին ուսումնասիրությունների արդյունքում նոր վտանգ է հայտանաբերվել:
Ինչպես հաղորդում է CNN-ը, սառցաշերտին նոր վտանգ է սպառնում ներքևից. տաք օվկիանոսային ջրերը, որոնք հոսում են ընդարձակ սառցաշերտերի տակ, ստիպում են դրանց առավել արագ հալչել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Geoscience գիտական ամսագրում:
Մասնագետներն ուսումնասիրել են Գրենլանդիայի հյուսիսային հատվածի սառցաշերտերից մեկը, որը հայտնի է 79° Հյուսիսային սառցադաշտ անունով: Այս սառցակտորը, որը մասնագետներն անվանում են «սառցե լեզու», լողում է ջրի վրա՝ առանց առանձնանալու ցամաքի ընդհանուր սառույցից: Սառցաշերտի երկարությունը կազմում է 80 կմ:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սառցաշերտի տակ մոտ 2 կմ լայնությամբ հոսող տաք ջուրը, որը գալիս է Ատլանտյան օվկիանոսից, իր հետ բարձր ջերմություն է բերում, որը ջրի՝ սառույցի հետ շփման արդյունքում արագացնում է հալոցքը: