Իշխանության բերած արդեն որերորդ օրինագիծը մեկ անձի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ է, քաղաքական խոսքն այսօր ուղղված է նրա դեմ. Շաքե Իսայան (տեսանյութ)
Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներում չկա քաղաքական բովանդակություն, փոխարենը ինչ-որ անձնական խնդիրներ են լուծվում, և այդ մասին ԲՀԿ-ն շատ է խոսել: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Շաքե Իսայանը:
«Մենք չենք ուզում խոսել անձերից, պետք է քննարկել ինստիտուտները: Իշխանության բերած ամեն հաջորդ օրինագիծ հավաստում է, որ իշխանության համար խնդիրը մեկ անձ է՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը: Դա ակներև փաստ է: Այո՛, դատաիրավական ոլորտում անհրաժեշտ է օր առաջ բարեփոխումներ անել, բայց այսօր քաղաքական խոսքի մեծամասնությունն ուղղված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ»,- ասել է Իսայանը:
Ըստ պատգամավորի՝ իշխանությունը չի ուզում նկատել ԵԽԽՎ համազեկուցողների և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջ. Բուքիքիոյի հայտարարությունների խստացող տոնը, և եթե դրանից հետևություններ չարվեն, վաղ թե ուշ ՀՀ-ի իմիջը միջազգային հարթակներում լրջորեն կստվերվի:
Իսայանի պնդմամբ՝ ԲՀԿ-ն այսօր միարժեքորեն չի կարող ասել՝ Հայաստանում որևէ մեկի նկատմամբ կա՞ քաղաքական հետապնդում, թե՞ ոչ, իրենք գերադասում են սպասել դատաքննությունների ավարտին. «Իշխանությունները մի օր պիտի վերջ տան ՍԴ-ի դեմ նմանաբնույթ գործողություններին: Նախաձեռնությունները կառուցվում են բացառապես Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցի շուրջ»:
ԲՀԿ-ական պատգամավորի պնդմամբ՝ շատ հարցերում վարչապետին թերի տեղեկատվություն են տրամադրում կամ ճիշտ չեն զեկուցում. «Մենք չենք չարախնդում, երբ իշխանությունը չի հաջողում: Երբ բարձրաձայնում ենք իշխանության այս կամ այն թերացման մասին, չենք թիրախավորում անձերին: Մեզ համար կարևոր էլ չէ, թե ով է ՀՀ վարչապետը: Մենք առհասարակ որևէ մեկին չենք փորձում թիրախավորել, բայց և կաշկանդված չենք որևէ մեկին մեր մտահոգություններն ուղղելու հարցում»:
Շաքե Իսայանի կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի նպատակը հստակ չէ, Սահմանադրության փոփոխման իմաստն էլ դեռևս չի բացատրվել: «Ամեն դեպքում, այս փուլում չարժե կառավարման կարգը փոխել: Խորհրդարանական համակարգը կարճ ժամանակ է, ինչ գործում է, թեև այն ամբողջապես չի էլ գործադրվում: Բացի այդ, այս փուլում պետությունը ևս մեկ անգամ նման ցնցման տանելը նպատակահարմար չէ»,- ասել է Իսայանը՝ հավելելով. «Վերջին շրջանում նկատելի է մի վատ ավանդույթ՝ մարմինը ստեղծում ենք, բայց չունենք ո՛չ ճանապարհային քարտեզ, ո՛չ հայեցակարգ: Նախևառաջ պետք է հասկանանք, թե սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովն ինչ նպատակ է դրել իր առջև»:
Դավիթ Սարգսյան