Ուկրաինական դասագրքի հեղինակը բացատրել է, թե ինչու է Կիանու Ռիվզի լուսանկարը հայտնվել պատմության գրքում (լուսանկար)
Ուկրաինայում 10-րդ դասարանի «Համաշխարհային պատմության» դասագրքի ստեղծողները բացատրել են, որ ամերիկացի դերասան Կիանու Ռիվզի պատկերը միտումնավոր են տեղադրել «Ճաշ երկնաքերի» վրա հայտնի լուսանկարում, որպեսզի գրավեն աշակերտների ուշադրությունը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է դասագրքի հեղինակ Իգոր Շչուպակը:
«Երբ դասագրքի դիզայներն ինձ հետ միասին նկարազարդումներ էր ընտրում, ինձ ցույց տվեց Կիանու Ռիվզով «համալրված» լուսանկարով էջը: Ես սկզբում չնկատեցի այդ փոքր կերպարը, սակայն այնուհետև նկատելով մեմը՝ առաջարկելի թողնել այն»,-մեկնաբանել է Շչուպակը ֆեյսբուքյան հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ նման իրավիճակ արդեն եղել է: Մասնավորապես, 1990-ականներին ուսումնական ձեռնարկներից մեկում տեղակայված է եղել Օկտավիանուս Օգոստոսի նկարը՝«Հուլիոս Կեսար» ստորագրությամբ:
Գրքի հեղինակը նշել է, որ փորձում է աշակերտների ուշադրությունը հրավիրել պատմության կողմը՝ տարբեր մեմերի օգտագործմամբ: Նրա խոսքով՝ Ռիվզին այդ լուսանկարում առաջինը նկատել է հենց 10-րդ դասարանի աշակերտը 2019 թվականին:
Լուսանկարը հրապարակվել է «Ամերիկայի Միացյալ Նահանգները միջպատերազմյան շրջանում» գլխում` 58-րդ էջում: Ոչ մի տեղ գրված չէ, որ նկարն օրիգինալ տարբերակը չէ, Կիանու Ռիվզի մասին էլ ոչ մի հիշատակում չկա:
Իրական լուսանկարն արվել է 1932 թվականին` անհայտ լուսանկարչի կողմից: Նկարում շինարարներ են, որոնք ճաշում են բարձրահարկ շենքի վրա: