Թուրքիան չի կատարել մի շարք պարտավորություններ Իդլիբի խնդրի կարգավորման գործընթացում. Լավրով
Թուրքիան չի կարողացել կատարել սիրիական Իդլիբի խնդիրների կարգավորման շուրջ ձեռք բերված համաձայնության շրջանակներում մի քանի առանցքային պարտականություններ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ցավոք, ներկա փուլում թուրքական կողմը չի կարողացել կատարել մի շարք առանցքային պարտականություններ, որոնք կոչված էին կարգավորելու Իդլիբի խնդիրը: Առաջինը՝ «Ջեբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչներից առանձնացնել այն զինված ընդդիմությանը, որը համագործակցում է թուրքերի հետ և պատրաստ է երկխոսության սիրիական կառավարության հետ»,-շեշտել է Լավրովը:
Նախարարի խոսքով՝ իրենք պայմանավորվել են լռության ռեժիմ պահպանել, սակայն անգամ երրորդ զգուշացումից հետո ահաբեկիչները, որոնց նա մատնանշել է, չեն դադարեցրել իրենց սադրիչ գործողությունները:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ թուրքական կողմը հայտարարել էր Սիրիայի հյուսիսային շրջանում ռուսների հետ համատեղ հերթապահությունը դադարեցնելու մասին: