Երևան հասնելուն պես կհրապարակեմ Հրայր Թովմասյանի ակնկալած արժանահավատ փաստը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի այն հայտարարությանը, ըստ որի վերջինս 20 օր համբերատար սպասելու է, որպեսզի Փաշինյանը հրապարակի որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց կապանյան ասուլիսի ժամանակ ասած իր խոսքերի առ այն, որ Թովմասյանը պարբերաբար իր ծառայություններն է առաջարկել իրեն և ստացել է մերժում։ ՍԴ նախագահը գրել էր, որ դա չանելու դեպքում իր փաստաբաններին խնդրելու է զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ:
Փաշինյանը պատասխանել է, որ փաստը կհրապարակի Երևան հասնելուն պես: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Երևան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երևանում)։ Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ: Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք»: