Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները նկարահանել են անօդաչուի օգնությամբ (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել են անօդաչու թռչող սարքից ստացված կադրերը, որոնք պատկերում է Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հրապարակված տեսանյութում, մասնավորապես, երևում են Էլյազիգ քաղաքում ավերված շենքերը: Թուրքիայում երեկ երեկոյան 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնը գտնվել է Սիվրիջ քաղաքի մոտակայքում՝ Էլյազիգ քաղաքից 33 կմ հեռավորությամբ:
Երկրաշարժից հետո ավելի քան 270 հետցնցում է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի արևելյան նահանգներում, ինչպես նաև Սիրիայի հյուսիսում:
Երկրի ՆԳՆ տվյալներով՝ 22 մարդ է զոհվել: Փրկարարները փլատակների տակից 39 տուժածի են դուրս բերել: Նշվում է, որ դեռևս 22 մարդ, հնարավոր է, գտնվում է փլատակների տակ: Հազարից ավելի քաղաքացիներ վիրավորվել են: