Սենատում վերսկսվել են Թրամփի դեմ իմփիչմենթի լսումները. իրենց փաստարկները ներկայացնելու հերթը նախագահի փաստաբաններինն է
Սենատում վերսկսվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցով լսումները, ելույթով հանդես են գալիս նախագահի փաստաբանները: Ինչպես հայտնում է BBC News-ը, վերջիններս մեղադրում են դեմոկրատներին 2016-ի ընտրությունների արդյունքները չեղարկելու փորձի մեջ:
«Նախագահը ոչ մի սխալ բան չի արել»,- շեշտել է Սպիտակ տան ներկայացուցիչ, իրավաբան Փեթ Սիպոլոնեն:
Նախապես սահմանված կանոնակարգի համաձայն՝ Թրամփի պաշտպանությունը 3 օր ունի իր փաստարկները ներկայացնելու համար: Դրան նախորդել են դեմոկրատների ելույթները:
Հիշեցնենք, որ Թրամփը պատմության մեջ երրորդ նախագահն է, որի դեմ իմփիչմենթի ընթացակարգ է տեղի ունենում: Նրա դեմ երկու մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի քննչական աշխատանքները խոչընդոտելու համար: