Սիրիայի զինված ուժերը շուրջ 50 զինյալների են վերացրել Հալեպում և Իդլիբում
Սիրիայի Արաբական Հանրապետության զինված ուժերի կողմից շուրջ 50 զինյալներ են վերացվել Իդլիբում և Հալեպում կառավարական ուժերի վրա կատարված հարձակման ընթացքում: Այս մասին ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է Սիրիայում հակամարտության կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Յուրի Բորենկովը,գրում է РИА Новости գործակալությունը:
Բորենկովը պատմել է, որ «Հայաթ Թահրիր Աշ-շամ» ահաբեկչական կազմակերպության զինյալները Իդլիբի և Հալեպի մի քանի բնակավայրերում փորձել են ներխուժել կառավարական ուժերի դիրքեր: Սիրիայի զինված ուժերին հաջողվել է պահպանել դիրքերը:
«Հարձակումները հետ մղելու ընթացքում վերացվել է 50 զինյալ, 7 պիկապ, որոնց վրա եղել են ծանր ինքնաձիգներ և մեկ «Ջիհադ-մոբիլ» մեքենա»-տեղեկացրել է կենտրոնի ղեկավարը:
Բորենկովը նշել է նաև, որ հունվարի 17-ին Հալեպում Ասադի ակադեմիայի շրջանում զինյալներն անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել կառավարական զորքերի դիրքերին, ինչի արդյունքում երկու սիրիացի զինվորական է զոհվել, ևս 4-ը վիրավորվել են:
Անցած մեկ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ զոհվել է սիրիացի 12 և վիրավորվել` 24 զինվորական: Կառավարական ուժերի կողմից հսկվող տարածքներից բնակչության տարհանում տեղի չի ունեցել: