Քաղաքացիները ոստիկանության բաժիններում կամավոր հանձնել են ինքնաձիգ, հրացան, ատրճանակ և այլ զինամթերք (տեսանյութ)
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 16-ին բաժին եկած Հրազդանի բնակիչ, 53-ամյա մի տղամարդ կամավոր հանձնեց առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ ու 5,45 մմ տևամաչափի 31 փամփուշտ։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը:
Նրա հայտնածով հրազենն իրենն է։ Այն պահել էր գոմի տանիքում։
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի 54-ամյա մի բնակիչ հունվարի 16-ին կամավոր հանձնեց ինքնաշեն հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ ու 130-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Նրա հայտնածով զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Դրանք գտել է տանը կից շինությունը մաքրելիս։
Հունվարի 16-ին ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Ապարանի բաժնում։ Ապարանի մի բնակիչ բաժին է բերել ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի պահունակներ ու տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով դրանք իրենն են, պահել էր գոմին կից շինությունում։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Ոստիկանությունը հիշեցնում է, որ ապօրինի պահվող զենք զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։