Սպանդանոցային մորթ իրականացնելու ծրագրի բոլոր ռիսկերը հաշվարկված են, իսկ դժգոհողները հիմնականում ոչ պատշաճ որակի միս վաճառողներն են. Գեորգի Ավետիսյան (տեսանյութ)
Բացառապես սպանդանոցներում կենդանիների մորթ իրականացնելու ծրագրի բոլոր ռիսկերը հաշվարկված են, իսկ դժգոհողները հիմնականում ոչ պատշաճ որակի միս վաճառողներն են: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
«Այդ մարդիկ անընդհատ խաբել են թե՛ սպառողին, թե՛ պետությանը: Կենդանուն մինչև 30 կմ հեռավորությամբ սպանդանոց տեղափոխելն անվճար է իրականացվելու: Մաքուր միս վաճառողները սովորաբար նախապես որոշում են մորթի ժամկետները և պայմանավորվում են սպանդանոցների հետ»,- ասել է պաշտոնյան:
Ըստ Ավետիսյանի՝ առաջիկա ամիսներին սպանդանոցների թիվը մի քանի տասնյակով կավելանա, այսօր հանրապետությունում գործում է 24 սպանդանոց. «Այս պահին 20-ից ավելի սպանդանոց է կառուցվում: Միայն Գեղարքունիքում այսօր երեք սպանդանոց է բացվել՝ Սևանում, Գավառում և Վահան գյուղում»:
ՍԱՏՄ ղեկավարի կարծիքով՝ դժգոհող մսավաճառները տարիներ շարունակ գնել են ձիու կամ ավանակի միս և այն հրամցրել տավարի մսի փոխարեն. «Խոսքը հիմնականում Խորենացու փողոցի մսի վաճառասեղանների մասին է: Սպառողը չի իմացել, որ ձիու միս է գնում, իսկ մսավաճառներն իրենք մեզ հետ զրույցներում չեն էլ թաքցնում: Ամանորի եռուզեռի մեջ, մանավանդ փողոցային առևտրում, շատ է եղել նման բան, ինչպես, օրինակ, Երևան-Էջմիածին ճանապարհին»:
Գեորգի Ավետիսյանի պնդմամբ՝ սպառողները կարող են պահանջել այսպես կոչված «5-րդ ձևը», որով հավաստագրվում է մսի անասնաբուժական փորձաքննությունը. «Սա էլեկտրոնային փաստաթուղթ է, դրա վերահսկողությունն ամբողջությամբ մեզ մոտ է: Մենք ունենք մեխանիզմներ՝ դրա կեղծման դեպքում սպանդանոցներին քրեական պատասխանատվության ենթարկելու»:
Ավետիսյանի կարծիքով՝ եթե անգամ սպանդանոցային մորթի ծրագրի արդյունքում միսը թանկանա, դա լինելու է աննշան թանկացում՝ 35-40 դրամ: «Գյուղացի ներկայացողներից շատերն այսօր միջնորդ օղակից են, նրանք անասունի միսը անպատշաճ պայմաններում հասցնում են շուկա: Երբ սպանդանոցներն ավելանան, մրցակցության արդյունքում մսի գինը հաստատ չի աճի»,- ասել է Ավետիսյանը:
ՍԱՏՄ ղեկավարի պնդմամբ՝ գյուղացին որևէ խնդիր չի ունենա, նա ընդամենը պետք է սպանդանոցի հետ պայմանավորվի մորթի մասին, իսկ ճանապարհածախսը կհոգա սպանդանոցը:
«Բողոքողները կարող են սեփական սպանդային կետ կառուցել, որի վրա կծախսվի 5-ից 10 հազար դոլար, դա ոչ ոք չի արգելում: Մենք ամեն ինչով կօգնենք նրանց, կտանք «5-րդ ձևը»: Այն չի ունենա սառնարան, ընդամենը կապահովի անասունի մաքուր մորթ ջրի առկայությամբ, լվացվող պատերով, հատակով և առաստաղով տարածքում»,- ամփոփել է Գեորգի Ավետիսյանը:
Դավիթ Սարգսյան