«Մոնա Լիզան գործադուլ է անում, Լեոնարդոն գործադուլ է անում». Լուվրը փակվել է թանգարանի մուտքի մոտ հավաքված ցուցարարների պատճառով
Լուվրի թանգարանն այսօր` հունվարի 17-ին դադարեցրել է աշխատանքը` կենսաթոշակային բարեփոխման դեմ արտահայտվող ցուցարարների կողմից թանգարանի մուտքը փակելուց հետո: Այս մասին տեղեկացնում է apnews.com կայքը:
Տասնյակ մարդիկ, այդ թվում Լուվրի աշխատակիցները, հավաքվել էին թանգարանի մուտքի առաջ: Նրանցից ոմանք բղավել են «Մոնա Լիզան գործադուլ է անում, Լեոնարդոն գործադուլ է անում»:
«Այս գործողությունները համապատասխանում են արհմիությունների կոչին`միավորվելու Մակրոնի կենսաթոշակային բարեփոխման դեմ հանուն աշխատանքային պայմանների բարելավման և աշխատավարձերի բարձրացման»,-ասված է Ֆրանսիայի արհմիությունների տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Ֆրանսիայում սկսվել է համազգային անժամկետ գործադուլ՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների մասին կառավարության հայտարարության: Բարեփոխումների համաձայն՝ ֆրանսիացիների որոշակի խմբեր, այդ թվում՝ տրանսպորտի ոլորտի աշխատակիցները, կարող են զրկվել մի շարք առավելություններից և թոշակի անցնելու հատուկ ռեժիմից: