Զելենսկին չի ընդունել վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հրաժարականը (տեսանյութ)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է ձայնագրությունների հետ կապված սկանդալը և հրաժարվել է ընդունել վարչապետի` հրաժարականի մասին խնդրանքը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Ես ձեզնից ազատման հայտարարություն եմ ստացել: Վերջին կոնֆլիկտային իրավիճակների և սկանդալի հետ կապված ես որոշեցի ձեզ և ձեր կառավարությանը շանս տալ, եթե դուք լուծեք մի քանի խնդիրներ, որոնք շատ են անհանգստացնում հասարակությանը»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Նախագահի և վարչապետի հանդիպման տեսանյութը տեղադրվել է Ուկրաինայի նախագահական գրասենյակի ֆեյսբուքյան էջում:
Վարչապետին տրված առաջադրանքներից է նախարարություններում և պետական ընկերություններում վարձատրության նոր հայեցակարգի ստեղծումը:
Զելենսկին հայտարարել է նաև, որ ինքը կառավարության անդամներին չի համարում անազնիվ կամ որ պրոֆեսիոնալ մարդիկ, միևնույն ժամանակ նշելով, որ իրենք Գոնչարուկի հետ ցանկանում են տեսնել «պետության ամրապնդումը»:
«Ես հիշում եմ, թե ինչ ձևով եք դուք ընտրել այս կառավարությունը, թե ինչպես ենք մենք շփվել ձեզ և նրանց հետ, ինչպես ենք տեսել նրանց ռազմավարությունն ու նրանց թիմը: Այդ իսկ պատճառով ես խնդրում եմ ձեզ գտնել թույլ կողմերը և փոխարինել այս կամ այն նախարարությունների ղեկավարներին`համաձայն նրանց մասնագիտական տվյալների»,-եզրափակել է իր խոսքը Ուկրաինայի նախագահը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկն այսօր հայտարարել է, որ հրաժարականի դիմում է գրել ու այն փոխանցել նախագահ Վլադիմիր Զելենսկուն:
«Նախագահի նկատմամբ մեր հարգանքի ու վստահության ցանկացած կասկած ի չիք դարձնելու համար ես հրաժարականի դիմում եմ գրել ու այն փոխանցել նախագահին` խորհրդարան մտցնելու իրավունքով»,- ասել է նա: