ԱՄՆ պետդեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալի դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Հասան Շավափուրի նկատմամբ` երկրում բողոքի ակցիաները ցրելու համար: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը` հղում անելով Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկին:
«Այսօր ԱՄՆ-ն վիզային պատժամիջոցներ կմտցնի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Հասան Շավափուրի նկատմամբ, նա մեղավոր է ցուցարարների իրավունքների կոպիտ խախտումների մեջ: Նա պատասխանատու է 2019 թվականի նոյեմբերին 148 անօգնական իրանցիների սպանության մեջ»-հայտարարել է Հուկը:
Նա նաև նշել է, որ պատժամիջոցների սահմանումը հնարավոր դարձավ ի շնորհիվ այն բանի, որ Իրանի քաղաքացիներն իրենց 88 000-ից ավելի ապացույցներ են ուղարկել մարդու իրավունքների խախտման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Իրանի կառավարությունը որոշում էր կայացրել բարձրացնել բենզինի գինը 50 տոկոսով, ինչը հանգեցրել էր զանգվածային բողոքի ակցիաների, որոնք սկսվել էին 2019 թվականի նոյեմբերի 15-ին: Իշխանություններն ակցիաները ցրելու համար դիմել էին ծայրահեղ քայլերի: