Զելենսկին հրամայել է հետաքննել «Գոնչարուկի ձայնագրությունները»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրավապահ մարմիններին հրամայել է երկու շաբաթվա ընթացքում հայտնաբերել վարչապետ Ալեքսանդր Գոնչարուկի` նախարարների և Ազգային բանկի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արված ձայնագրությունները ստեղծողներին: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում անելով Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությանը:
«Պահանջում եմ, որ երկու շաբաթվա ընթացքում, ինչքան հնարավոր է արագ մենք տեղեկատվություն ստանանք, թե ով է կատարել ձայնագրությունները: Գտնել, թե ով է դա արել, և լուծել այս խնդիրը»,-ընդգծել է Զելենսկին Ուկրաինայի ուժային կառույցների ղեկավարների հետ ունեցած հանդիպման ժամանակ:
Նա նշել է նաև, որ քրեական գործի շրջանակներում պետք է հստակ ներկայացվեն այն դեմքերը, որոնք ներկա են եղել բանակցություններին, և պարզել բոլոր հանգամանքները:
«ԶԼՄ-ներում շատ ֆեյք տեղեկատվություն կար այս կամ այն պաշտոնյայի` բանակցություններին ներկա լինելու մասին: Պետք է շժտել, թե արդյոք այդ բոլոր մարդիկ ներկա են եղել, թե ոչ»,-ընդգծել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին հրամայել է նաև երկու շաբաթվա ընթացքում քայլեր ձեռնարկել նմանատիպ դեպքերը բացառելու և տեղեկատվական անվտանգության որակը բարձրացնելու համար:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկն այսօր հայտարարել էր, որ հրաժարականի դիմում է գրել ու այն փոխանցել նախագահ Վլադիմիր Զելենսկուն, սակայն վերջինս հրաժարվել է ընդունել վարչապետի`հրաժարականի մասին խնդրանքը:
«Նախագահի նկատմամբ մեր հարգանքի ու վստահության ցանկացած կասկած ի չիք դարձնելու համար ես հրաժարականի դիմում եմ գրել ու այն փոխանցել նախագահին` խորհրդարան մտցնելու իրավունքով»,- ասել է նա:
Նշենք նաև, որ հունվարի 15-ին և 16-ին «Ինչպես խաբել նախագահին» յութուբյան ալիքում երեք ձայնագրություն է հայտնվել, որոնցում երեք հոգի`Ուկրաինայի վարչապետի, Ազգային բանկի փոխնախագահի ու ֆինանսների նախարարի ձայներին նման ձայնով խոսում են երկրի տնտեսական քաղաքականության մասին ու վատ արտահայտվում Զելենսկու մասին: Ինչպես հայտնել էր BBC-ն, այս ձայնագրություններն արվել էին ուկրաինացի պաշտոնյաների ոչ պաշտոնական խորհրդակցության ժամանակ` 2019 թվականի դեկտեմբերի 16-ին:
Վարչապետը չի հերքել ձայնագրության իսկությունը, սակայն վստահեցրել է, որ այն մոնտաժվել է: