«Ես այժմ սթափ եմ միայն նրա շնորհիվ»․ Բրեդ Փիթը հայտնել է, որ Բրեդլի Կուպերն է իրեն օգնել հաղթահարել ալկոհոլից կախվածությունը (տեսանյութ, լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը շնորհակալություն է հայտնել իր ընկեր Բրեդլի Կուպերին՝ ալկոհոլից կախվածությունը հաղթահարելու համար իրեն ցուցաբերած օգնության համար, գրում է Fox News-ը։
Բրեդլին և Փիթը հանդիպել են Նյու Յորքում չորեքշաբթի կայացած National Board of Review Annual Awards-ի գալա միջոցառման ժամանակ, որի ընթացքում Կուպերը ներկայացրել է Փիթին՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասանի անվանակարգում։
«Բրեդլին իր աղջկան քնեցրել է, ու արագ այստեղ է եկել այս ամենն անելու համար»,- մրցանակը ստանալու համար բեմ բարձրանալով՝ ասել է Փիթը և հավելել․ «Ես այժմ սթափ եմ միայն նրա շնորհիվ և այդ օրից կյանքն ավելի լավն է դարձել»։
2017 թվականին GQ հեղինակավոր ամսագրին տված հարցազրույցում Փիթը հայտնել էր, որ դերասանուհի Անջելինա Ջոլից բաժանվելուց հետո առժամանակ կախվածություն է ունեցել ալկոհոլից՝ խոստովանելով, որ իր կախվածությունը հաղթահարել է թերապիաների միջոցով։